Մետապնևմովիրուս HMPV. Ի՞նչ է պետք իմանալ նոր տարածվող վարակի մասին և ի՞նչպես պաշտպանվել

Ի՞նչ է մարդու մետապնևմովիրուսը:

Հայտնաբերվել է 2001 թվականին՝ շնչառական վիրուս է։ Այն ազդում է վերին և ստորին շնչուղիների վրա և նմանություններ ունի այնպիսի վիրուսների հետ, ինչպիսին է շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ այս պահին այն ակտիվ տարածում ունի Չինաստանում։ Սակայն, ինչպես հաղորդում է կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, ըստ տեղական իշխանությունների տվյալների, հիվանդացության ծավալներն ու ինտենսիվությունը դեռևս մնում են նախորդ տարվա մակարդակից ցածր:

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևմովիրուս չի հայտնաբերվել։

Ո՞վքեր են ռիսկի գոտում

Թեև Մետապնևմովիրուսը կարող է վարակել բոլոր տարիքի մարդկանց, այնուամենայինիվ որոշ խմբեր ավելի խոցելի են՝

  • Նորածիններ և փոքր երեխաներ
  • Տարեցներ
  • Իմունային անբավարարություն ունեցող անձինք. 

Ախտանիշները

Ախտանշանները կարող են տարբեր լինել՝ մեղմից մինչև ծանր, որոնք նման են սովորական մրսածության կամ գրիպի ախտանիշներին.

Մեղմ ախտանիշներ.

  • Քթից արտահոսք
  • Կոկորդի ցավ
  • Հազ
  • Ջերմություն

Ծանր ախտանշաններ.

  • Շնչառության դժվարացում
  • Կրծքավանդակի ցավ
  • Բրոնխիոլիտ կամ թոքաբորբ

Ինչպե՞ս է տարածվում

Վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, կամ երբ տեղի է ունենում սերտ շփում վարակված անձանց հետ։ Հնարավոր է վարակվել նաև շոշափելով աղտոտված մակերեսները, ապա դիպչելով դեմքին:

Բուժում և վերահսկում

Ներկայումս Մետապնևմովիրուսի համար հատուկ հակավիրուսային բուժում կամ պատվաստանյութ չկա: Ծանր դեպքերում հոսպիտալացումը կարող է անհրաժեշտ լինել թթվածնային թերապիայի կամ մեխանիկական օդափոխության համար:

Հարկավոր է հետևել վարակի վերահսկման պարզ միջոցներին, որոնք կիրառելի են մի շարք շնչառական հիվանդությունների դեպքում՝

  • Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ
  • Դիմակ կրեք մարդաշատ և վատ օդափոխվող տարածքներում
  • Հազալիս և փռշտալիս անձեռոցիկով կամ արմունկով ծածկեք բերանը
  • Պարբերաբար լվացեք և ախտահանեք ձեռքերը
  • Մաքրեք և ախտահանեք մակերեսները, ինչպիսիք են՝ դռան բռնակները, հեռախոսները և ստեղնաշարերը:

Թեև վիրուսից հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել, սակայն այս քայլերին հետևելը կարող է զգալիորեն նվազեցնել վարակվելու և տարածման ռիսկը։

Այլ տարածված վիրուսների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք մեր առողջապահական բլոգը: Եղե՛ք տեղեկացված և առողջ:


Ձեր Առողջությունը
Մեր Առաջնահերթությունն Է

Աշխատանքային ժամեր

Բաց է՝
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Փակ է՝
Շաբաթ-կիրակի

Հեռախոսահամար:
+374 12 305 800

Հետեվեք մեզ հանրային մեդիա հարթակներում

© 2025 · «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ. Բոլոր Իրավունքները պաշտպանված են