Թվային դետոքս. արդյո՞ք սոցիալական մեդիան վնասում է ձեր հոգեկան առողջությանը
Ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիան դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Մենք դրա միջոցով շփվում ենք ընկերների հետ, հետևում նորություններին և կիսվում մեր առօրյայով։ Սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի է բարձրաձայնվում այն հարցը, արդյո՞ք այս թվային կախվածությունը վնասում է մեր հոգեկան առողջությանը, թե ոչ։ Շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի չարաշահումը կարող է ունենալ բացասական ազդեցություն, սակայն ոչ բոլորի մոտ է այդպես։

Բացասական ազդեցությունները
- Անվերջ համեմատություն: Սոցիալական մեդիան լի է մարդկանց իդեալականացված կյանքի, հաջողությունների և կատարյալ արտաքինի մասին պատկերներով։ Սա կարող է հանգեցնել նախանձի, անբավարարվածության զգացողության և սեփական անձի նկատմամբ վստահության անկման։ Երբ մենք անընդհատ համեմատում ենք մեր կյանքի իրականությունը ուրիշների «ցուցադրված» կյանքի հետ, մենք սկսում ենք մտածել, որ բավարար լավ կյանք չունենք։ Ըստ Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի 2023 թվականի զեկույցի՝ դեռահասները, ովքեր ընդամենը մի քանի շաբաթով կրճատել են սոցիալական մեդիայի օգտագործումը 50%-ով զգալիորեն բարելավել են իրենց մարմնի և ընդհանուր արտաքինի նկատմամբ վերաբերմունքը։
- Անհանգստություն և դեպրեսիա: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի երկարատև և ինտենսիվ օգտագործումը կապված է անհանգստության և դեպրեսիայի բարձր մակարդակի հետ։ Սա կարող է լինել «Fear of Missing Out» (FOMO) երևույթի պատճառով՝ վախ, որ բաց ես թողնում հետաքրքիր իրադարձություններ կամ հարաբերություններ։ Ըստ 2024 թվականին NYC.gov-ի կողմից հրապարակված զեկույցի՝ սոցիալական մեդիա օգտագործող դեռահասների 27%-ն ունի անհանգստության զգացողություն, իսկ 14%-ը՝ դեպրեսիայի ախտանիշներ, մինչդեռ չօգտագործողների մոտ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 9% և 4%։
- Քնի խանգարումներ: Գիշերային ժամերին էկրանի լույսի ազդեցությունը կարող է խանգարել մելատոնինի (քնի հորմոն) արտադրությանը, ինչը դժվարացնում է քուն մտնելը և ազդում է քնի որակի վրա։ Բացի այդ, ինտերնետում անընդհատ նորություններ ստուգելու կամ սոցիալական մեդիայում սքրոլ անելու սովորությունը խաթարում է մեր հանգստի ռեժիմը։ Որպեսզի Ձեր մարմինը կարողանա պատշաճ կերպով պատրաստվել քնին, մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց մոտ 60-90 րոպե առաջ ամբողջությամբ հրաժարվել հեռախոսների, համակարգիչների կամ հեռուստացույների օգտագործումից։
Դրական կողմերը
Չնայած վերոնշյալ խնդիրներին, սոցիալական մեդիան նաև կարող է օգտակար լինել մեր հոգեկան առողջության համար, եթե այն օգտագործենք ճիշտ:
- Կապերի պահպանում: Այն թույլ է տալիս մեզ կապի մեջ մնալ ընկերների և ընտանիքի անդամների հետ, հատկապես նրանց, ովքեր ապրում են հեռու։
- Համայնքների/խմբերի ստեղծում: Այն կարող է համախմբել մարդկանց, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները կամ բախվել են նույն խնդիրներին։
- Տեղեկատվության և աջակցության աղբյուր: Շատ մարդիկ սոցիալական մեդիայի միջոցով գտնում են աջակցող խմբեր՝ կապված իրենց հոբբիների, հիվանդությունների կամ անձնական դժվարությունների հետ:Նույնիսկ հնարավոր է գտնել բավականին օգտակար ու պետքական տեղեկատվություն։
Ինչպե՞ս պահպանել հավասարակշռությունը
Թվային դետոքսը՝ սոցիալական մեդիայից և ընդհանրապես թվային սարքերից ժամանակավորապես հրաժարվելը, կարող է օգնել վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։ Սակայն դրա համար պարտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել սոցիալական մեդիայից։ Դուք կարող եք կիրառել ավելի պարզ մեթոդներ.

- Սահմանեք ժամանակ: Օգտագործեք հավելվածներ, որոնք կօգնեն ձեզ վերահսկել էկրանի առաջ անցկացրած ժամանակը։
- Մաքրեք ձեր էջը: Հետևեք միայն այն օգտատերերին կամ խմբերին, որոնք ձեզ ոգեշնչում են կամ որևէ օգտակար տեղեկատվություն են տալիս, և հեռացրեք այն բովանդակությունը, որը ձեզ անհանգստացնում է։
- Գիշերային սահմանափակումներ: Անջատեք ծանուցումները և հեռախոսը դրեք մի կողմ նախքան քնելը։
Սոցիալական մեդիան կարող է լինել արդյունավետ գործիք, բայց կարևոր է այն օգտագործել գիտակցաբար՝ առանց թույլ տալու, որ այն վերահսկի ձեր կյանքը։