Ինչո՞ւ ենք ավելի հաճախ հիվանդանում ձմռանը և աշնանը: Պատճառներն ու պաշտպանվելու ուղիները
Տարվա տաք ամիսներին կարծես թե ավելի քիչ ենք մտածում հազի, մրսածության կամ գրիպի մասին: Սակայն հենց որ տերևները սկսում են դեղնել և ջերմաստիճանն իջնում է, մեր շրջապատում սկսում են ավելանալ փռշտոցներն ու հազերը:
Գիտականորեն ապացուցված է, որ շնչառական վիրուսային ինֆեկցիաների մեծ մասը, ներառյալ մրսածությունը, գրիպը և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը (RSV), ունեն սեզոնային բնույթ՝ գագաթնակետին հասնելով աշնան և ձմռան ամիսներին։ Պատճառները բազմազան են և կապված են ինչպես մեր օրգանիզմի, այնպես էլ շրջակա միջավայրի փոփոխությունների հետ:
- Ցածր ջերմաստիճանի ազդեցությունը
Ցուրտ եղանակը թույլ է տալիս վիրուսներին ավելի երկար գոյատևել և տարածվել:
- Վիրուսների կյանքի տևողության աճ. Որոշ վիրուսներ, մասնավորապես գրիպի վիրուսը, ունեն ճարպային պաշտպանիչ թաղանթ: Ցածր ջերմաստիճանը և չոր օդը նպաստում են այս թաղանթի կարծրացմանը, ինչն օգնում է վիրուսին ավելի երկար պահպանել իր ակտիվությունը:
- Քթի պաշտպանական ֆունկցիայի թուլացում. Քթի ներսում ավելի ցածր ջերմաստիճանը կարող է թուլացնել տեղային իմունային պատասխանը:
- 2. Փակ տարածքնեորւմ ավելի շատ գտնվելը
Երբ դրսում ցուրտ է, մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ և հաճախ վատ օդափոխվող տարածքներում՝ դպրոցներում, աշխատավայրերում, հասարակական տրանսպորտում:
- Համակենտրոնացում. Մեծ թվով մարդկանց մոտիկ հեռավորության վրա գտնվելը զգալիորեն մեծացնում է վարակվելու հավանականությունը: Վիրուսները հեշտությամբ են փոխանցվում հազի, փռշտոցի կամ պարզապես խոսելու միջոցով:
- Արևի լույսի պակասը և D վիտամինի ցածր մակարդակը
Աշնանը և ձմռանը կտրուկ նվազում է արևի լույսի քանակը:
- D վիտամինի դերը. Մեր մաշկն արտադրում է D վիտամին՝ ի պատասխան արևի ուլտրամանուշակագույն B ճառագայթների: D վիտամինը կարևոր դեր ունի իմունային համակարգի կարգավորման գործում: Դրա պակասը, որը հաճախ նկատվում է ցուրտ ամիսներին, կարող է թուլացնել իմունային համակարգի պատասխանը վիրուսներին:
- Չոր օդի ազդեցությունը
Ցուրտ եղանակին օդն ավելի չոր է, իսկ փակ տարածքներում՝ ջեռուցման համակարգերի գործարկման պատճառով, չորությունն էլ ավելի է շատանում:
- Լորձաթաղանթների չորացում. Չոր օդը կարող է չորացնել քթի և կոկորդի լորձաթաղանթները, որոնք իմունային համակարգի պաշտպանության առաջին գիծն են: Չոր լորձաթաղանթներն ավելի խոցելի են դառնում վիրուսների ներթափանցման համար:
✅ Ինչպես պաշտպանվել
Չնայած սեզոնային գործոնների անխուսափելիությանը, հնարավոր է նվազեցնել հիվանդանալու ռիսկը՝ պահպանելով մի քանի պարզ կանոններ.

- Հիգիենա. Պարբերաբար և մանրակրկիտ լվացեք ձեռքերը տաք ջրով ու օճառով: Խուսափեք չլվացված ձեռքերով դեմքին, հատկապես քթին, բերանին և աչքերին դիպչելուց:Ինչպես նաև խորհուրդ է տրվում օրական մի քանի անգամ ախտահանել ձեռքերը և մակերեսները։
- Օդափոխում. Փակ տարածքները հաճախակի օդափոխեք՝ թույլ տալով մաքուր օդին մուտք գործել՝ նվազեցնելով վիրուսների կուտակումը:
- Խոնավեցում. Տանը օգտագործեք օդը խոնավեցնող սարքեր (humidifier) ՝ օգնելով քթի և կոկորդի լորձաթաղանթներին պահպանել իրենց պաշտպանական հատկությունները:
- D վիտամին. Սնվեք բալանսավորված և, անհրաժեշտության դեպքում (բժշկի հետ խորհրդակցելուց հետո), ընդունեք D վիտամինի հավելումներ:
Այսպիսով աշուն-ձմեռ եղանակներին մենք ունենում ենք մի քանի անբարենպաստ գործոնների համակցություն՝ վիրուսների գոյատևման բարենպաստ պայմաններ, իմունիտետի որոշակի թուլացում և այլն: Այս ամենը միասին ստեղծում է կատարյալ միջավայր սեզոնային հիվանդությունների տարածման համար: Սակայն գիտակցելով պատճառները՝ մենք կարող ենք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելով հիվանդանալու ռիսկը: